Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այս շաբաթ կմեկնի Թուրքիա` այցելելու այն սիրիացիներին, ովքեր Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստիպված են եղել հատել թուրք-սիրիական սահմանը և հայտնվել են փախստականի կարգավիճակում:
Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Թուրքիայի իշխանությունները երեկ հայտարարել են, որ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան հանդիսացող Ջոլին երեքշաբթի դիմել է իրենց` Հաթայ նահանգում գտնվող սիրիացի փախստականների ճամբարն այցելելու նպատակով:
«Անադոլու» գործակալության համաձայն, Թուրքիայի իշխանություններն ամենայն հավանականությամբ Հաթայ այցելելու թույլտվություն կտան, և Ջոլին կժամանի Ստամբուլ, որտեղից էլ նրան կուղեկցեն փախստականների ճամբար: Անջելինա Ջոլին նման առաքելություն է իրականացրել այս տարվա ապրիլին, երբ Թունիսում այցելել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով այդ երկրից գաղթած անձանց:
Նշենք, որ Սիրայում հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանությունների կողմից կիրառված ուժի հետևանքով Թուրքիա են փախել մոտ 8,500 սիրիացիներ: