Ավստրալացի հեռուստահաղորդավարը պետք է հարցազրույց ունենար Դալայ- Լամայի հետ: Նկարահանումից առաջ լրագրողը փորձել է մտերմիկ մթնոլորտ ստեղծել և արդեն միացված տեսախցիկների առջև սկսել է անեկդոտ պատմել, որտեղ հիշատակվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը:
Հաղորդման նկարահանման ստուդիայում տեղի ունեցածի մասին պատմող տեսանյութը տեղադրել է բրիտանական BBC-ն: Կատակն այսպես է սկսվում «Մի անգամ Դալայ Լաման մտնում է պիցայանոց և ասում. «Ինձ պիցցա պատրաստեք` ամեն ինչով…»:
Լրագրողի զրուցակիցը, հավանաբար, լուրջ էր տրամադրված, և որոշ բաներ չհասկանալով` սկսել է պարզաբանել մանրամասները: Լրագրողը ստիպված է եղել հիշեցնել Դալայ-Լամային, թե ինչ է նշանակում pizza-shop-ը և «պիցցա ամեն ինչով»: Լրագրողը փորձել է ձեռքերով ցույց տալ, թե դա ինչ է, բայց ապարդյուն: Նա սկսել է առաջինը ծիծաղել և աստիճանաբար գիտակցել է, որ կատակը բոլորովին տեղին չէր:
Դալայ-Լաման, քաղաքավարությունից ելնելով, նույնպես ժպտացել է, և վերադառնալով պիցցայի մասին կիսատ մնացած պատմությանը` նշել է, որ տեսականորեն ինքը, իհարկե, կարող էր այցելել պիցայանոց: Իսկ լրագրողը ներողություն է խնդրել ոչ այնքան հաջող մեկնարկի համար: