Երևանի կանաչ տարածքների կրճատմամբ մտահոգված քաղաքացիները բոյկոտում են «Ուսանողական այգու» Աբովյան և Տերյան փողոցներին հարող սրճարանները, այս անգամ` Facebook-ի միջոցով:
«Բոյկոտում եմ, քանի որ հանրային տարածք է զավթվել, քանի որ ոտնահարվել է իմ իրավունքն ու արժանապատվությունը: Քաղաքային իշխանություններն արհամարհել են մեր պատմամշակութային ու գիտական արժեքները` ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի արձանը, մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած աստղադիտարանը, Հայաստանի ազգային գրադարանը:
Անտեսվել են մեր 20.000 համաքաղաքացիների դիմումներն ու բողոքի ակցիաները: 117 երևանցիներ դիմել են Սահմանադրական դատարան` պաշտպանելու իրենց առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,- ասված է ֆեյսբության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 24-ին 20.000 քաղաքացիներ դիմում էին հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին և Երևանի քաղաքապետին՝ պահանջելով դադարեցնել Երևանի Ուսանողական այգում կատարվող շինարարությունը և վերադարձնել հանրային այգին երևանցիներին։ Դիմումի 4 հասցեատերերից ոչ ոք մինչև օրս հրապարակավ չի պատասխանել գրությանը։
Էջի ստեղծողները կոչ են անում բոլոր օգտատերերին միանալ Երևանի կանաչ տարածքների պահպանությանն ուղղված բոյկոտին և պայքարել «մեր քաղաքը խեղդող մասնավոր շահի և արժեքներից զուրկ, անճաշակ, չտես ու փողասեր պաշտոնյաների անպատասխանատու գործողությունների դեմ»։