Մոսկվայում հերթական անգամ մի տղամարդ փորձել է մեքենայով Կրեմլ մտնել` նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու նպատակով, հայտնում է «Неделя» պարբերականը:
Ոստիկանության տվյալների համաձայն` չորեքշաբթի` ժամը 18:00-ին, պարեկը ՎԱԶ-2115 տրանզիտային համարանիշերով մեքենա է նկատել, որը դուրս է եկել Մանեժնայա հրապարակ և ընթացել Ալեքսանդրյան այգու ուղղությամբ: Վարորդը փորձել է դուրս գալ Կարմիր հրապարակ, սակայն բերման է ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցներին տղամարդը բացատրել է, որ ինքը պետք է հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահի հետ:
Փաստաթղթերի քննումը ցույց է տվել, որ ձերբակալվածը Սանկտ Պետերբուրգի 33-ամյա բանկիչ է: Նա հոգեբուժարան է տեղափոխվել հոգեկան խանգարման ախտանիշներով:
Հիշեցնենք, որ մնան դեպք էր պատահել նաև հունվարին, երբ ՌԴ նախագահի ընդունարան ներխուժած շրջմոլիկը փորձել է ինքնասպան լինել, սակայն մտածվածը հնարավոր էր եղել իրականացնել միայն մասնակիորեն: Տղամարդը կտրող սայր ունեցող բեկորով մի քանի վնասվածքներ էր հասցրել իր պարանոցի և աջ ձեռքի շրջանում: Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել: Ոստիկանությունը պարզել էր, որ 31-ամյա երիտասարդը գրանցում չունի ՌԴ-ում և ծագումով հայ է: Տղամարդը այդպիսով փորձել էր ուշադրություն հրավիրել իր վրա, որպեսզի որոշակի փաստաթղթեր ստանա: