Իշխանությունները հույսները դրել էին այն հանգամանքի վրա, որ երեք տարի շարունակ ընտրություն չպիտի լինի, չպետք է որևէ խնդիր առաջանա իրենց առջև, և ընդդիմությունը պետք է կամաց-կամաց մաշվի: Հայաստանի լուրջ վերլուծաբաններ կամ վերլուծագանգեր լրջորեն կանխագուշակում էին, որ այս շարժումը քանդվելու է: Ասում էին, որ ընդդիմությունը սովորաբար ընտրություններին ընդառաջ ստեղծում է մի տառան, միավորվում է և տառանով փորձում է ջարդել իշխանության ամրոցը, և երբ որ դա չի հաջողվում, քանդվում է: Եվ մյուս ընտրություններից առաջ էլի հավաքում է: Սա առաջին անգամ է, որ բոլոր այդ վերլուծագանգերը սխալվեցին: Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում ընդդիմությունն անցկացրել են բավական լուրջ հանրահավաքային արշավ, և իշխանությունների համար հասկանալի էր, որ քաղաքական լարումը հասել էր մի աստիճանի, որ իսկապես մազ էր մնում, որ գնար արաբական երկրների սցենարով, և դա էր պատճառը, որ իշխանությունները որոշեցին ընդունել իրենց առաջարկը կամ պահանջները:
Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, Զուրաբյանի խոսքով, «պատասխան պետք է ստանանք Սերժ Սարգսյանից»:
«Մենք բացարձակապես նպատակ չունենք այն պատասխանները, որոնք հնչել են, որպես առիթ բռնել և սրել իրավիճակը: Մեզ պետք է շատ լուրջ հստակություն և մինչև ողջամիտ ժամանակ մենք տալիս ենք: Մենք պետք է իմանանք` արդյոք իշխանություններն ընդունում են այս առաջարկը, թե մերժում են: Եվ այստեղ պարզություն պիտի լինի: Կիսապատասխաններ, լղոզված պատասխաններ մեզ չեն բավարարում: Իշխանությունը այդ հստակությունը պարտավոր է մտցնել: Եթե ասում են «այո», դա նշանակում է, որ իշխանությունները պատրաստ են խաղաղ բանակցություններով այս քաղաքական խորը ճգնաժամը լուծել, եթե ասում են «ոչ», դա նշանակում է մի բան` նրանք, ըստ էության, նորից մարտահրավեր են նետում ժողովրդին, նորից ասում են` եկեք, հավաքվեք, ցույց տվեք ձեր ուժը, որովհետև ուժից բացի, մենք ուրիշ լեզու չենք հասկանում»,- ասել է Զուրաբյանը: