Home / Հայաստան / 2 տոննա արվեստ Հայաստանից. Ինչը ստացվեց և ինչու չստացվեց Վենետիկում

2 տոննա արվեստ Հայաստանից. Ինչը ստացվեց և ինչու չստացվեց Վենետիկում

Վենետիկի Միջազգային 54-րդ Արվեստի Բիենալեի հայաստանյան տաղավարը իր ցուցադրական մասով ստացվել է։ Այդպես է համարում տաղավարի համադրողներից մեկը` արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, ով Երևան վերադառնալուց հետո պատասխանեց Epress.am-ի հարցերին:

Ստացվեց

«Իրականացնվել է գրեթե այն ամենը, ինչ մտածված էր նախագծում։ Այն իրենից բավականին մեծ ցուցադրական կառույց էր ենթադրում։ Պարզելու համար դրա մասշտաբները բերեմ միայն մեկ տվյալ։ Օդային ու ցամաքային ճանապարհներով Վենետիկ ենք հասցրել 2 տոննայից ավելի բեռ։ Բայց խնդիրը միայն ծավալները չեն, այլև ցուցադրության մշակվածությունն ու կառուցվածությունը, թե ինչպես է այն զետեղված և ինչպիսի առնչություններ է ձևավորում 17-րդ դարում կառուցված շինության` Պալացցո Զենոբիոյի ինտերյերի հետ, ինչպես են ցուցադրության առանձին հատվածները հղացքի, թեմայի և միջոցի առումով հաղորդակվցում միմյանց։


Աստղիկ Մելքոնյանի ինստալյացիայից

Ավարտուն վիճակում ցուցադրանք հաճախողը կարող է մտովի տարվել, թե ինչպես են, դիցուկ, Մհեր Ազատյանի` քաղաքային միջավայրում կորզած խոսակցությունների պատառիկներից հառնող սոցիալական պոեզիան ու փիլիսոփայական մտորումները սրահի  պատերին փակցված և դիտողի տեսանկյան փոփոխության հետ մեկտեղ հայտնվող ու չքացող տեքստերի միջոցով իրենց մեջ բացահայտում տեսողական ուժը` դիմակայելու համար Գրիգոր Խաչատրյանի` Մուրադ Ռաֆաելյան վարժարանի նախկին ճաշարանի հետ լիովին ձուլված և բարձրաստիճան պաշտոնյաի առանձնասենյակի կահավորման կարգը նմանակող ինստալացիայի (կարմիր մակագոնի փայտից պատրաստված հսկայական սեղանի, այն ծայրից ծայր կիսող ծաղիկների փարթամ կանաչի, սեղանը շրջապատող կաշեպատ բազկաթոռների, բարձրաթռիչք ու նեղ պատուհաններին կախված թավշյա կանաչ վարագույրների) նյութական թանձրությանը և սույնով իսկ դիտողին նախապատրաստելով Աստղիկ Մելքոնյանի`շարքային հայաստանցու ամենօրյա կյանքի տնտեսության բարդությունը բացահայտող վահանակի էկրանային թափանցիկության հետ հետագա հանդիպմանը։ Նյութական այս ներկայության ու ձևավորվող կապերի արդյունքը, իբրև արվեստի փաստական ներկայություն, շոշափելիորեն  փոխանցվում է ցուցադրության տարածքը այցելող յուրաքանչյուրին։ Վենետիկի 54-րդ Բիենալեի 89 ազգային տաղավարների մեջ թերևս կարելի է մեկ-երկու տասնյակ առանձնացնել, որոնք աչքի են ընկնում իրենց մշակվածությամբ ու կազմակերպվածությամբ։ Մեր տաղավարը առանց մեծ ճիգերի կարելի է դասել այդ լավագույն երկու տասնյակի մեջ», – նշել է համադրողը։


Միխեիլ Սահակաշվիլին Գրիգոր Խաչատրյանի հետ

Չստացվեց

Միևնույն ժամանակ Կարոյանը խոստովանում է, որ ինչ-որ բան չէր ստացվել, սակայն այդ ամենը, նրա պնդմամբ, կապ չուներ ցուցադրանքի հետ. «Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը դեռ մինչև Բիենալեն բացել համաշխարհային մասնագիտական մեդիայի առջև, տաղավարը դարձնել հարթակ կազմակերպելու համար արդիության դարաշրջանի շրջանի պատմության մասնագետների, ժամանակակից արվեստի պատմաբանների, քննադատների և կուրատորների հետ մեկտեղ քննարկումների շարք, որով Հայաստանի հետազոտական ու ստեղծագործական միջավայրի հանդեպ կձևավորվեր մի նոր հետաքրքրություն։

Բայց սա պայմանավորված էր արտաքին խնդիրներով, այն կոնտեքստով, որի մեջ հայտնվեց մեր թիմը տաղավարի հղացական նախագիծը մշակելուց և արվեստագետների ընտրությունը կատարելուց գրեթե ամիջապես հետո։ Այս խնդիրները հիշեցնելով ցանկանում եմ պատասխանել այն դիտողությանը, որը այս ողջ ընթացքում եթե շատ չէր էլ բարձրաձայնվում, այդունանդերձ տարածվում էր` անցնելով բերանից բերան։

Խոսքը վերաբերում է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարում ներգրավված կուրատորների քանակությանը։ Քմծիծաղով ասվում էր, որ նրանք ավելի մեծ թիվ են կազմում, քան ներկայացվող արվեստագետները։ Այդ քմծիծաղը տեղին է, եթե հաշվի չեն առնվում ոչ միայն վերը նշած խնդիրները, այլև տաղավարի կուրատորների հետապնդած ավելի ընդգրկուն նպատակները. հիմք դնել Վենետիկի Բիենալեի կազմակերպական գործուն մի համակարգի` որը կկարողանար գործել ոչ միայն այս տարվա համար։ Ասել, թե այսօր մոտեցել ենք այդ նպատակների, դժվար է։ Մեխանիզմի բացակայությունը և այն հնթացս ձևավորելու  անհրաժեշտությունը մեզ ստիպում էր  ծագող տարբեր խնդիրների շուրջ երբեմն կոշտ (չվարանելով անգամ հրաժարականի միջոցին դիմելուն), բայց` երբեք անհամապատասխան դիրքեր ընդունել` սահմանելու համար մի կողմից Մշակույթի նախարարության ու իր իսկ նշանակած կոմիսարի, մյուս կողմից կոմիսարի և իր իսկ ընտրած կուրատորների, միջև գործառույթների բնույթն ու հարաբերությունների  կառուցվածքը»։


Արմինե Անտիկյան, ՀՀ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու, Վիկտոր Մնացականյան, ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական

Բյուջե, կոմիսարի հավատը և համադրողի հեռանալը

«Մեխանիզմի ստեղծման նման պերֆորմատիվ մեթոդը բնականաբար պիտի պահանջեր շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ և էներգիա, ինչն էլ անհետևանք չէր կարող մնալ նախագծի իրականացաման մեջ։ Եթե դրան ավելացնենք մի կողմից ժամանակակից արվեստի հանդեպ զգայունության այն պակասը, որ դրսևորեց Մշակույթի Նախարարությունը սոսկ կոմիսար նշանակելու, բացումից միայն 10 օր առաջ ֆինանսական նոմինալ, բյուջեի 10 տոկոսից էլ պակաս աջակցություն ցուցաբերելու, ու վերջում էլ մոնիտորինգ իրականացնելու (այլ կերպ հնարավոր չէ բացատրել Վենետիկում Մշակույթի նախարարարության` միայն ֆինանսատնտեսական գծով փոխնախարարի դեմքով ներկայացվածությունը) փաստով, մյուս կողմից էլ փորձի այն պակասը, որն ուներ տաղավարի կոմիսարը, ապա կարող եք պատկերացնել ֆինանսական, վարչական, մշակութային-քաղաքական, վերջում էլ արդեն զուտ մարդկային բոլոր այն բարդությունները, որոնք մեր առջև բարձրացան նախագծի իրականացման փուլում։ Եկավ մի պահ, բացումից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ թվաց, թե այդպես աշխատել այլևս անհնար է, հնարավոր է միայն փրկել իրավիճակը։ Իսկ դա դեմ էր մեր իսկ որդեգրած սկզբունքներից մեկին։ Երբ սկսեցինք մեր աշխատանքը, իբրև ելակետ ունեինք մի սկզբունք, որ աշխատանքը և նախագիծը ունի որոշակի արժեք և հնարավոր չէ այն անել ամեն գնով։ Վարդան Ազատյանը այդպես էլ արեց Վենետիկ մեկնելուց 3 շաբաթ առաջ ֆորմալ առումով դադարեցնելով իր աշխատանքը։ Ռուբեն Արևշատյանը և ես զանց առանք այդ սկզբունքը` գտնելով, որ էֆեկտիվության առումով հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ դրա կիրառմանը։ Այսինք խնդիրներ առաջացան նաև մինչ այդ ժամացույցի մեխանիզմի պես հստակ գործող կուրատորական մեր թիմում։


համադրողներ Վարդան Ազատյանը, Ռուբեն Արևշատյանը և Նազարեթ Կարոյանը ս.թ. փետրվարին ներկայացնում են Վենետիկի 54-րդ Բիենալեում Հայաստանի նախագիծը  (լուսանկարը` Սվետլանա Անտոնյանի)

Ի վերջո մեր համառությանը եկավ գումարվելու կոմիսար Վիկտոր Մնացականյանի անվերապահ հավատը մեր պրոֆեսիոնալ որակների հանդեպ և անձնական նվիրումը գործը ավարտին հասցնելու առումով։ Այս վայրիվերումները, ինչ խոսք, անհետևանք չէին կարող մնալ և  ամենի հետևանքը եղավ այն, որ բացման պահին պատրաստ ունեինք միայն Գրիգոր Խաչատրյանի ու Մհեր Ազատյանի սրահները, իսկ ցուցադրության վերջին Աստղիկ Մելքոնյանի հատվածը ստիպված եղանք ավարտել մի քանի օրից միայն»։

Արվեստագետները գոհ են

«Թե կուրատորական թիմում վերջին պահին ի հայտ եկած երկու տարբեր դիրքորոշումներից որն էր ավելի ճիշտ երկարաժամկետ նպատակների առումով ժամանակը ցույց կտա։ Այսօր մենք կարող ենք արձանագրել միայն այն, ինչը որ ունեցանք արդյունքում։ Իսկ մենք ունեցանք մի տաղավար, որն աչքի է զարնում իր կազմակերպվածության և ներկայացուցչական մասի իր արատբերվածությամբ, որից արվեստագետներն, իրենք, շատ գոհ են և արդեն իսկ սկսել են վայելել դրա արդյունքները ստանալով հրավերներ տարբեր երկրների արվեստի հաստատություններից։ Խոսքը մասնավորապես Մհեր Ազատյանի մասին է։


արվեստագետներ Աստղիկ Մելքոնյանը, Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանը

Վենետիկի բիենալեի ընդհանուր գնահատականը,սակայն, այդ թվում նաև արվեստի տեղական դաշտի վրա նրա բերելիք ազդեցության առումով դեռ նոր պիտի տրվի։ Սրանք կարող եք համարել, դեռ աշխատանքը չավարտած կուրատորի վկայության միջոցով տված առաջին և դեռևս տաք դիտարկումները», – եզրափակել է հայաստանյան տաղավարի երկու համադրողներից մեկը։