Հունիսի 17-ին տեղի ունեցած Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստում քննարկման է դրվել ՀՀ կառավարական շենքի բակում Ալեքսանդր Թամանյանի նախագծով նախատեսված շինության` թմբուկի կառուցման հարցը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Մասնագիտական քննարկումներ են ծավալվել ներկայացված հանրային հետաքրքրություն ունեցող հարցի շուրջ։
Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին (1 դեմ, 3 ձեռնպահ):
Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին հրավիրված մամլուլի ասուլիսի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձել էր տվյալ կառույցի խնդրին: Նա Երևանի գլխավոր ճարտարապետին անվանել էր ոչ պրոֆեսիոնալ.
«Ոչ մեկ իրավունք չունի թամանյանական նախագիծն աղավաղի, ինչ-որ իմպրովիզներ անի, Թամանյանի նախագիծը կա, ու ոչ մեկ չպիտի շեղվի դրանից: Իսկ հիմա վերցրել են, իմպրովիզացիա են անում, իսկ իմպրովիզացիայի հեղինակը գաղտնի էլ չէ` Նարեկ Սարգսյանն է: Իսկ եթե որևէ ճարտարապետ իրեն թույլ է տալիս օրենսդրական դաշտի խախտումներ և թամանյանական նախագծի իմպրովիցիա անել, ապա ես նման ճարտարապետին կարող եմ գնահատական տալ և ասել` ոչ պրոֆեսիոնալ»:
Տվյալ խնդրին արևձագանքել է նաև «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը կոչ է արել ՀՀ կառավարությանը դադարեցնել թմբուկի կառուցման ուղղությամբ սկսված աշխատանքները, որից հետո նշված խնդիր շուրջ քննարկումներ սկսել։
«Պատրաստակամ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել ցանկացած ձևաչափի և ընդգրկման բաց ու թափանցիկ գործընթացի», – իրենց հայտարարության մեջ նշել են նախաձեռնության անդամներ Մանե Թամանյանը, Անի Վերյանյանը, Սևադա Պետրոսյանը և Սարհատ Պետրոսյանը: