Այսօր երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱԿ-ի Աջափնյակի ակտիվիստնեի հետ:
Հանդիպմանը մասնակցելու էին եկել սպասվածից ավելի մարդիկ, և, քանի որ բոլոր ցանկացողները գրասենյակում չէին տեղավորվի, հանդիպումը անցկացվեց գրասենյակի մուտքի մոտ և Նիկոլ Փաշինյանը խոսեց բարձրախոսով:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի բակային ելույթը հետաքրքրել էր նաև տվյալ տարածքի շենքերի բնակիչներին, որոնք իրենց պատշգամբներից հետևում էին այդ ելույթին:
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հանիդպումների ժամանակ շատերն իրեն հարցնում են՝ երբ է իշխանափոխություն լինելու: Որպես այդ հարցին պատասխան ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե ոչինչ չանել, ապա այդ գործընթացը կուշանա, իսկ եթե յուրաքանչյուրն իր հնարավորության չափով փորձի նպաստել դրան, ապա գործընթացն ավելի արագ կլինի:
Հավաքված մարդիկ հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ուղղել Փաշինյանին՝ քննարկելով ոչ միայն ներքաղաքական իրավիճակը, այլ նաև ԼՂ հարցի կարգավորման հետ կապված գործընթացները և Կազանում հունիսի 24-ին կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: