Մոսկվայում հրազենից ստացված վնասվածքի հետևանքով մահացել է օրենքով գող Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) անվտանգությունն ապահովող, «Սմերշ» անձնական անվտանգության ընկերության տնօրենի տեղակալ Անդրեյ Սելվյանը:
Երբ 2010-ի աշնանը դիպուկահարը կրակել էր Ուսոյանի վրա, նրան ուղեկցում էր հենց Սելվյանը: Ամենայն հավանականությամբ, Սելվյանի սսպանությունը կապված է 2011-ի մայիսին տեղի ունեցած «թագադրման» հավաքի հետ:
Ինչպես գրում է «Ռոսբալտը»` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, 51-ամյա Անդրեյ Սելվյանը սպանվել է հունիսի 17-ի ուշ երեկոյան: Երեկոյան տուն վերադառնալիս նա մտել է շքամուտք և բարձրացել աստիճաններով, նրա հետևից գնացել է վարձու մարդասպանը և կրակել:
Վիրավորված Սելվյանը դեռ որոշ ժամանակ կենդանի է եղել, բարեկամները շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցի ճանապարհին «քրեական հեղինակությունը» մահացել է:
1980-ականներին դատապարտված Աբխազիայի քաղաքացի Սելվյանն ազատ արձակվելուց հետո Մոսկվայում խմբավորում էր ստեղծել, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Էլեկչանը, Իշխան Մոչկալյանը, Յուսիֆ Օսիպովը, Սերգեյ Եվրուշյանը: Նրանք իրենց հսկողության տակ են վերցրել Կրասնոդարի և Լենինգրադյան շրջանի մի շարք շուկաներ և առևտրային կառույցներ: Հենց այդ ընթացքում էլ Սելվյանը մտերմացել է Ասլան Ուսոյանի հետ:
1990-ականներին Դեդ Հասանը «պատերազմում էր» «օրենքով գող» Ռուդոլֆ Օհանովի (Բաքվեցի Ռուդիկ) կլանի հետ: Սելվյանն ակտիվ մասնակցություն ուներ այդ հարցում և պայքարում էր Հասանի կողմից:
Հետաքննիչների խոսքով` Սելվյանը մեծ կարևորություն ուներ Դեդ Հասանի համար: