«Հանգստավայր» օպերացիայի շրջանակներում ձերբակալվել են կեղծարարություններով զբաղվող 29-ամյա հայ տղամարդը, նրա 26-ամյա կինը և իր 27-ամյա ծանոթը` Սարատովի շրջանից:
93.ru-ի փոխանցմամբ` նրանք փորձել են կեղծ 1000 ռուբլիանոցներ իրացնել Անապայի շուկայում, սակայն վաճառողը հրաժարվել է վերցնել կեղծ դրամները: Նա մտապահել է իրավախախտների առանձնահատուկ նշանները և անհապաղ ոստիկանությանը հաղորդել կասկածելի ընտանեկան զույգի մասին:
Ստուգումների ընթացքում ոստիկանները 9 կեղծ 1000 ռուբլիանոցներ են հայտնաբերել: Իրավապահների հարցերին ի պատասխան` տղամարդն ասել է, որ բոլոր թղթադրամներն իրեն են պատկանում, և որ ինքը դրանք ստացել է նախօրեին Կրասնոդարի շուկայում վաճառված տեխնիկայի դիմաց:
Սակայն, ի տարբերություն տղամարդու, կանայք որոշել են համագործակցել քննիչների հետ և պատմել են, որ ավելի վաղ իրենցից մեկը գիշերային ակումբներից մեկում ծանոթացել է Ալի անվամբ մի տղամարդու հետ, ով առաջարկել է կեղծված գումարներ իրացնել: Նրա օգնությամբ կինը Ստավրոպոլում անհայտ անձանցից 50 հազար ռուբլու չափով կեղծ դրամների փաթեթ է ստացել: Առաջին փաթեթը հնարավոր է եղել իրացնել հենց Ստավրոպոլի շրջանում, երկրորդը` Գելենջիկում, այնուհետև` Կրասնոդարում, Անապայում:
Ձերբակալվածների բնակության վայրում հետախուզում է իրականացվում:
Նշենք, որ 1000 ռուբլիանոցը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահաճախ կեղծվող թղթադրամը: Կեղծարարությունների մոտ 90%-ի դեպքում հենց 1000 ռուբլիանոցն է թիրախ դառնում: