Դեռ 5 տարի առաջ Հնդկաստանում բնակվող սիամական երկվորյակներ Ֆարախի և Սաբիի ծնողները հրաժարվել էին իրենց աղջիկներին վիրահատելու և նրանց բաժանելու առաջարկից, իսկ այսօր երեխաների հայրն ինքն է խնդրում բժիշկներին օգնել աղջիկներին հեռանալ կյանքից` նրանց ցավերին վերջ տալու համար, գրում է The Telegraph-ը:
Աղջիկների բաժանման համար իրականացվելիք վիրահատությունը պետք է անցկացվեր հատուկ նյարդավիրաբույժների խմբի կողմից, և 6 փուլ էր ընդգրկում: Եվ, թեև Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զաեդ ալ Նահյանը խոստացել էր բոլոր ծախսերի համար վճարել, աղջիկների ծնողները հրաժարվել էին վիրահատությունից, քանի որ յուրաքանչյուր փուլի հետ կապված վտանգը չափազանց մեծ էր: Այն ժամանակ հայրը հայտարարել է, որ չի դիմանա, եթե աղջիկների հետ որևէ բան պատահի:
Խնդիրը նրանում է, որ գլխի հատվածում միավորված սիամական երկվորյակները ընդհանուր շնչերակ և անոթ ունեն: Կրկնակի բարդություն է ներկայացնում այն փաստը, որ Ֆարախը երկու երիկամ ունի, իսկ Սաբիի մոտ դրանք բացակայում են:
Այսօր երկվորյակները 15 տարեկան են: Վերջին ամիսների ընթացքում նրանք անտանելի ցավեր ունեն գլխում և մարմնում, քանի որ քույրերը ի վիճակի չեն նորմալ շարժվել: Օրվա մեջ 15-16 ժամ աղջիկները լալիս են և բղավում, քանի որ նրանք անգամ չեն կարողանում խոսել:
Ընտանիքի հայրը և տան միակ կերակրողը, ով ամսական մոտ 110 դոլար է աշխատում, օգնություն է խնդրում պետությունից և բժիշկներից, «Մի բան արեք, կամ օգնեք աղջիկներիս մահանալ: Անտանելի է տեսնել, ինչպես են նրանք տանջվում»: