Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի մեկ պատճառով` Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը:
Այս մասին ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով Հայաստան-Թուրքիա գործընթացի և 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված երկկողմ արձանագրությունների մասին:
«Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության և անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլևս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը: Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի և պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, և այդ նպատակով այսուհետ ևս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը», – ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ, այդուհանդերձ, Հայաստանը պատրաստ է խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: