Պետրոս Ղազարյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերի ծրագրի ղեկավարի պաշտոնից հեռացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նա շարունակում է պաշտոնավարել որպես «Կենտրոնի» լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար: Այս մասին Պետրոս Ղազարյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ մոտ 20 օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, և Պետրոս Ղազարյանի կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց: «Հրապարակի» տեղեկություններով` այս փոփոխությունները Պետրոս Ղազարյանը ծանր է տարել և անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել:
Epress.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը պայմանավորել է իր մեկշաբաթյա բացակայությունն այն փաստով, որ ինքը գտնվում էր Ստամբուլում`Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով:
Արձագանքելով «Հրապարակի» այն տեղեկատվությանը, որ իր փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, Ղազարյանը նշել է, որ Բաղդասար Մհերյանը աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես լուրերի ծրագրի գլխավոր խմբագիր:
Պետրոս Ղազարյանը, պատասխանելով «Հրապարակի» այսօրվա հրապարակմանը, Facebook-ի իր էջում հետևյալ տողերն է գրել.
««Հրապարակ» թերթում կարդացի, որ իմ կապվածությունը նախագահի նստավայրի հետ պատճառ է դարձել, որ ինձ հեռացնեն լուրերի ծրագրերը ղեկավարելուց: Ու ես էտ շատ ծանր եմ տարել ու մի շաբաթ աշխատանքի չեմ գնացել: Ինչքան մարդ պետք ա չհարգի իրա ընթերցողներին, որ սենց սուտ գրի»: