Հայաստանը շատ է կարևորում իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդին, որի շրջանակներում ակտիվ համագործակցություն է ծավալել մեր երկրում բարեփոխումների համալիր առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Այս մասին այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր արդեն բավականին արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյրոն Յագլանդի, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Այսօրվա հանդիպումներում կարևորել եմ ԵԽ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Ես վերահաստատեցի Հայաստանի վճռականությունը՝ արդյունավետ իրականացնելու Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերը, այդ թվում նաև մեր կողմից ստանձնած հանձնառությունները: Անդրադարձել ենք Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների ընթացքին և առկա արդյունքներին` դատաիրավական, ոստիկանական, մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում արձանագրվող գործընթացներին», – Ստրասբուրգում ծավալած իր գործունեության մասին պատմել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են քաղաքական դաշտի առողջացմանը: Իմ զրուցակիցներին ներկայացրեցի նշված ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքի ընթացքը: Հավատացած եմ, որ առաջիկայում ևս մեզ կհաջողվի սերտ փոխհարաբերությունների և համագործակցության միջոցով զգալի առաջընթաց արձանագրել հայաստանյան բարեփոխումների գործընթացում», – նշել է ՀՀ նախագահը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Ջոն Պրեսկոտն ասել է, որ որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է: