Հաշվի առնելով ամռան շոգ եղանակը, որի ժամանակ մեծանում է վարակիչ հիվանդությունների ռիսկը, բնակչությունը պետք է ուշադրություն դարձնի արագ փչացող սննդի վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը:
Նա նշել է, որ շոգ եղանակին արագ փչանում են կաթնամթերքը և մսամթերքը: Նա խորհուրդ է տվել հատկապես զգույշ մնալ դրսում պատրաստվող սննդից` քաբաբ, խորոված:
«Եթե սնունդը պատրաստվում է փակ տարածքում, որտեղ կան բոլոր պայմանները, դա այլ հարց է, բայց եթե դրսում մի փոքր տաղավարում է դա պատրատսվում, որտեղ չկա ջուր, և սնունդը չի ենթարկվում համապատասխան ջերմամշակման, պետք է հնարավորինս զերծ մնալ այդպիսի ուտելիքներից: Դա ռիսկային սննդամթերք է: Նույնը վերաբերում է նաև լցնովի պաղպաղակին և հյութերին: Եվ ես խորհուրդ եմ տալիս օգտագործել միայն գործարանային արտադրության, փակ տարայով հյութեր և պաղպաղակ»,- նշել է Բակունցը և հավելել, որ լցնովի պաղպաղակի և բացօթյա վաճառվող հյութերի մեջ կարող են պարունակել աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ և դիզինտերիա հիվանդությունները:
Մասնագետի խոսքով` շոգ եղանակին պետք է ուշադիր լինել անգամ տանը պատրաստվող սննդից: Ճաշը սառնարանում դնելուց հետո երկրորդ անգամ օգտագործելու համար հարկավոր է այն լավ եռացնել, ինչպես նաև եփած սնունդը հում սննդի հետ նույն վայրում չպետք է պահել:
«Շոգ ժամանակ պետք է նաև ուշադիր լինել, դժվարամարս սնունդ չօգտագործել և քիչ-քիչ ուտել: Դժվարամարս սննդի ընդունումը գոնե պետք է թողնել ավելի զով ժամերին»,- ասել է Նունե Բակունցը:
Նա նշել է նաև, որ շատ շոգ եղանակին կարելի է օրական 2-3 և ավելի լիտր հեղուկ օգտագործել, որոնք սակայն չպետք է պարունակի կոֆեին և շաքար:
Մասնագետը խորհուրդ է տալիս խմել ջուր, հանքային ջուր, բնական հյութեր, և, իհարկե, թան, որը, Նունե Բակունցի խոսքով, շատ հիգիենիկ ըմպելիք է` հատկապես առավել շոգ եղանակի ժամանակ:
«Շոգ եղանակի ժամանակ քրտինքի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս աղեր և սպիտակուցներ և օրգանիզմը դրա պակասը զգում է: Թանը լրացնում է օրգանիզմում այդ նյութերի պակասը»,- հավելել է Բակունցը:
Նա նաև հավելել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային հիվանդություններ, շոգերին շատ հեղուկ ընդունելուց առաջ պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ: