Այսօր ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։
Համաձայն ՀՀ կառավարության կայքի, փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ ՍՊԸ իրականացվող աշխատանքը դադարեցվել է։ Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը։