Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը երեկ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Զարուհի Փոստանջյանին տրամաբանական է համարել: Այս մասին Լյուդմիլա Սարգսյանն ասել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Փոստանջյանը կարծիք էր հայտնել, որ ՀՀ-ում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ և առաջարկել էր Սերժ Սարգսյանին նախաձեռնել արտահերթ ընտրություններ, ինչին վերջինս պատասխանել էր, որ չի պատրաստվում արտահերթ ընտրություններ նախաձեռնել Հայաստանում:
«Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ երբ նման հարց է տրվում ԵԽԽՎ ամբիոնից խոսող նախագահին, և երբ ամբողջ աշխարհը հետևում է նրա ելույթին, նա, բնականաբար, այլ պատասխան տալ չէր էլ կարող: Իսկ Զարուհի Փոստանջյանը չգիտե՞ ր, որ նման հարց տալուց հետո ինչ պատասխան պիտի լիներ: Փոստանջյանի, իմ կարծիքով, դիտավորյալ տված այդ հարցին այլ պատասխան ես չէի էլ ակնկալի: Այդ հարցադրումը նաև վկայությունն է այն փաստի, որ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չկայանա` մտահոգվելով, որ իրենք այդ դեպքում լուսանցքում կհայտնվեն: Մինչդեռ լուսանցքում չհայտնվելու լավագույն լուծումը ՀԱԿ-ի շուրջ համախմբվելն է», – ասել է Լյուդմիլա Սարգսյանը: