Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնավորաբար, հայաստանցիների համար եղել են ծանր, դժվար և տագնապալի տարիներ: Այս մասին Հ.Յ.Դաշնակցության 31-րդ Ընդհանուր ժողովի բացմանը հնչեցրած իր ելույթի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Նույնը եղել է մեր կազմակերպության համար` ծանր, դժվար և տագնապալի` համապատասխան հետևանքներով: Հետևանքներ, որոնք դրսևորվում են ամեն անգամ, երբ զարնվում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մոտ, ինչպես հիվանդության նշաներ, ինքնացուցադրվում են թերհավատություն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարև մեր կազմակերպությունը ևս կենդանի օրգանիզմ է և, ինչպես մյուս օրգանիզմները, հակում ունի հիվանդությունների: Եթե ժամանակին չբուժենք հիվանդությունը, այն դառնալու է քրոնիկական և ավարտվելու է անդամահատությամբ կամ մահով», – ասել է Մարգարյանը:
Նա նշել է, որ Ընդհանուր ժողովն է առիթը, որ Դաշնկացությունն իրեն խստորեն քննի, պարզի արածն ու չարածը, վերահաստատի կեցվածքները:
Մատնանշելով վերջին երեք տարվա ընթացքում տեղի ուենցած իրադարձությունները` ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանում գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սանձարձակություններին վերջ դնելու ոչ անհրաժեշտ կամքն ունեն և ոչ էլ ի վիճակի են այդ անել:
«Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն», – հայտարարել է Մարգարյանը:
Նրա խոսքով` ազգային հարցերում ՀՅԴ-ն միշտ ունեցել է հայեցակարգային մոտեցում, սակայն միաժամանակ հավատացել է, որ ազգային հարցերին զուգահեռ մեծ կարևորություն ունեն սոցիալական հարցերը:
«Մենք հավատացած ենք. ազգային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներազգային համերաշխության և միասնության հիմքը սոցիալական արդարությունն ու ազատություններն են, ազատ անհատն ու քաղաքացիական հասարակությունն է: Ահա թե որտեղով է անցնում Հայաստանի քաղաքական դաշտի ամենահիմնական ջրբաժանը. մի կողմում նրանք են, ում համար արդարություն հասկացությունը հարուստ վերնախավի շահերի պաշտպանության հարցն է, այն բոլոր ուժերը, որոնք ծայրահեղ աջ են կամ հավատում են ծայրահեղ լիբերալիզմին և վերջապես` նրանք, որ անգիտակցաբար, կուրորեն հետևում են այդ ուղղությանը: Այս ուղղության կրողն են նախկին ու ներկա բոլոր իշխանությունները, ուր էլ գտնվեն` ծայրահեղ ընդդիմության դաշտում, թե իշխանության ճամբարում /դրա գրքունակ ներկայացուցիչն է այսօրվա վարչապետն ու կառավարությունը/, իսկ մյուսը մենք ենք` ազգային հարցերի լուծման համար անհրաժեշտ է ներազգային համերաշխություն, միասնականություն, ինչը հնարավոր է արդարության հաստատումով, սոցիալական արդարության հաստատումով», – ասել է Մարգարյանը:
Ելույթ ունեցողի խոսքով` փաստ է, որ ՀՅԴ-ն անցած տարիներին, թե իշխանության մեջ, երբ մասնակից էինք կոալիցիային, թե ընդդիմության օրերին պահել է իր դեմքը, արժանապատվությունն ու անկախությունը:
Մարգարյանը խոսել է նաև Դաշնակցության նպատակի մասին.
«Մեր նպատակն է` ազատ ու արդար ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, ավելի ճիշտ` մեր առանցքի շուրջ որակապես նոր իշխանությունների ձևավորման: Սակայն մինչ այդ կյանքը չպետք է կանգ առնի կամ մեր առօրյան լցվի փոխադարձ հայհոյանքներով ու պիտակավորումով, առավոտից իրիկուն` կռիվ-կռիվ խաղալով: Մինչ նոր ընտրություններ մենք աշխատելու ենք. օրենսդրական նախաձեռնություններով, խորհրդարանական գործունեությամբ, ցուցական ու քարոզչական աշխատանքով, մշակելու ու պարտադրելու ենք մեր լուծումները առանձին սոցիալական հարցերի առումով: Արտաքին հնարավոր վտանգները դիմագրավելու նպատակով` չենք զլանալու անխտիր, բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցելու և ընդհանուր կեցվածքներ դրսեւորելու հարցում: Չեմ կարող չանդրադառնալ նաև մեր երկրում անցկացվող ընտրությունների բնույթին: Հենց միայն այն փաստը, որ բացահայտ կերպով, առանձին թեկնածուների և քաղաքական ուժերի կողմից, ընտրակաշառք է բաժանվում, և ոչ ոք նվազագույն ճիգ գործ չի դնում օրենքը խախտողի դեմն առնելու, ամեն ինչ ասում է»:
ՀՅԴ ներկայացուցիչը հարց է բարձրացրել` ինչո՞ւ է Դաշնկացությունը հույսը դրել ընտրությունների վրա:
«Վստահ եմ` հենց հիմա բոլոր նրանք, ովքեր թե իրենց կենսագրությամբ, թե իրենց մտածողությամբ շատ հեռու են հեղափոխությունից, մեզ կսկսեն դասեր տալ` դուք հեղափոխական կուսակցություն եք, իսկ հիմա խոսում եք ընտրությունների մասին: Այո, մենք հեղափոխական կուսակցություն ենք: Երբ օրինական պայքարի կարելիությունները բացառվեն, երբ անօրինական պայքարի դուրս գան մեր դեմ, երբ ազգային շահը և անվտանգությունը պահանջի, մենք դարձյալ հեղափոխականներ ենք: Բայց հեղափոխական լինելուց առաջ մենք ազգային կուսակցություն ենք և չենք կարող նկատի չունենալ երկրի ու ժողովրդի պայմաններն ու շահը: Երբ հեղափոխության իրական պատճառներ չկան, երբ ինքը կյանքը չի պարտադրում այն, հեղափոխական գործունեությունը միայն արկածախնդրություն է և, ըստ ամենայնի, մերժելի, – համոզմունք է հայտնել Մարգարյանը:
Նա նաև նշել է, որ Դաշնկացությունն ընդդիմության հետ միանալու անհրաժեշտություն չի տեսնում:
«Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լևոն Տեր -Պետրոսյանով: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձը անձով փոխարինվի՞: Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր- Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եվ վերջապես ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ: Այնուամենայնիվ` այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը և ղեկավարման բնույթը», – ասել է Մարգարյանը:
Իր ելույթի ավարտին նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ-ն ապագայի կուսկացություն է: