Այսօր Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի, հաղորդում են «Իրավունքի» խմբագրությունից:
Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանն իր հայցով պահանջում էր պարտավորեցնել թերթին հրապարակել իր կողմից ներկայացված պատասխանը «Իրավունքի» այս տարվա փետրվարի 22-ի համարում տպագրված «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հոդվածի վերաբերյալ, «Իրավունք Մեդիա» ընկերությունից բռնագանձել 3 միլիոն դրամ (շուրջ 8 հազար դոլար)` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաեւ 586 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազար դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:
Հայցը մերժվել է ամբողջությամբ`«անհիմն լինելու հիմքով»: Դատարանը որոշել է նաև Արզաքանցյանից բռնագանձել 10 հազար դրամ` որպես «գործով չվճարված պետական տուրքի գումար»:
«Սա առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի», – նշված է «Իրավունքի» խմբագրության տարածած իր հաղորդագրությունում: