Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը հասնում է տագնապալի մակարդակի, ընդ որում, այս վտանգավոր միտումը հատկապես ցայտուն է արտահայտված երիտասարդության շրջանում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականում գրում է Վիկտորյա Ալեքսանյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թվականին Հայաստանում քաղաքացիների ինքնասպանությունների ու դրանց փորձերի 592 դեպք է գրանցվել, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 498 դեպքերի ցուցանիշը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վիճակագրության համաձայն` 2010-ին Հայաստանում մահացու ելքով ինքնասպանություն ավելի շատ գործել են 30-65 տարեկանները (48,9%) ու 65-ից բարձր տարիքի անձիք (28%): Ինքնասպանության փորձեր ավելի շատ գրանցվել են 30-65 (%) և 18-29 տարեկանների (39%) շրջանում:
Հեղինակը, հղում կատարելով «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետ, դոցենտ Կամո Վարդանյանի խոսքին, նշում է, որ ինքնասպանությունների ցուցանիշը Հայաստանում երիտասարդացման միտում ունի.
«Եթե 50-ականներից մինչև դարավերջ ինքնասպանություն գործողների հիսուն տոկոսից ավելին 45 տարեկանից բարձր անձիք էին, ապա [21-րդ] դարասկզբից ի վեր գրեթե նույն տոկոսային հարաբերությունը վերաբերում է արդեն երիտասարդների և մինչև քառասունհինգ տարեկանների խմբին»,-նշել է փորձագետը:
Հեղինակը նշում է նաև, որ վիճակագրության համաձայն` Հայաստանում ինքնասպանությունների ամենատարածված դրդապատճառը ֆինանսական խնդիրներն են: 2010-ին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերի 57,3 տոկոսն արձանագրվել է գործազուրկների, իսկ 17,7 տոկոսը` թոշակառուների շրջանում:
Վարդանյանը նաև ընդգծում է սերիալների և ֆիլմերի բացասական ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա. «Ինքնասպանության երևույթը վարակիչ է, և այն կանխարգելելու համար, օրինակ, պետք է արգելել այնպիսի անթույլատրելի երևույթներ, ինչպիսիք են հանրային հեռուստաալիքներով բազմասերիանոց և գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը, որտեղ առկա են ինքնասպանությունների կամ դրանց փորձերի կադրեր»,- ասել է Վարդանյանը:
«Այս խնդրին զգուշորեն և միաժամանակ հիմնովին մոտենալը պահանջում է լուրջ մասնագետներ, որոնք այսօր բացակայում են Հայաստանում: Խնդրեմ, տրամադրեք ինձ այդպիսի մասնագետներ, և մենք միասին բազմակողմանի ծրագրեր կմշակենք ինքնասպանությունների կանխարգելման և հանրությանը ճիշտ հոգեբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Այդ նախագծերն իրականացնելու համար արդեն բազմաթիվ հետազոտություններ են արված իմ կողմից, սակայն բացակայում են պետական ծրագրեր եւ ֆինանսավորում», – ընդգծել է Վարդանյանը: