Չնայած Հայաստանում սեռավարակներով զբաղվող կլինիկաներում գրանցված տվյալները գրեթե չեն տատանվում, սակայն սեռավարակների աճ է գրանցվում:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշել են Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը և Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, ովքեր խոսել են սեռավարակների և դրանց աճի միտման խնդիրների մասին:
«Այն, որ սեռավարակները շատ են, դա փաստ է, բայց սեռավարակներով հիվանդներից ոչ բոլորն են գրանցվում, քանի որ դիմում են տարբեր իրենց ծանոթ բժիշկների, ինքնաբուժմամբ են զբաղվում և այլն: Աշխարհում մի ֆորմուլա կա, համաձայն որի սեռավարակներով հիվանդների միայն 30-40 տոկոսն են գրանցվում: Եթե մեր կլինիկան տարեկան ունենում է 30-40 հազար հիվանդ, ապա դա պետք է ավելացնել մի քանի անգամ, և կստանանք իրական պատկերը»,- ասել է Փորսուղյանը:
Նա նշել է, որ սեռավարակները հիմնականում տարածված են այն խմբերի մոտ, որոնք չեն հետևում անձնական հիգիենային, բավարար չափով տեղեկացված չեն:
«Թիրախային խումբ է համարվում 16-40 տարիքային խումբը, որոնց մոտ սեռավարակներն ամենաշատն են: Ինչպես նաև թիրախային են մարմանավաճառները: Մեր կլինիկայում տարեկան ստուգում է անցնում 600-1000 մարմնավաճառ»,- նշել է նա:
Սեքսոպաթոլոգ Շահրամանյանն էլ հավելել է, որ թիրախային խումբ են համարվում դեռահասները և երիտասարդները, և նշել է, որ նախորդ 5 տարիների համեմատ տղաների և աղջիկների մոտ նվազել է առաջին սեռական ակտի տարիքը:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղաներն առաջին անգամ սեռական ակտ են ունենում 14-15 տարեկանում, մինչդեռ նախկինում այդ տարիքը 17-18-ն էր: Աղջիկների մոտ նույնպես գրանցվել է տարիքային անկում, սակայն մի փոքր դժվար է ասել թվայինը, քանի որ աղջիկների մոտ սեռական ցանկությունները շատ ավելի հոգեկան բնույթ են կրում»,- ասել է բանախոսը:
Շահրամանյանն ասել է, որ սեռական վարակները կարող են հանգեցնել անպտղության թե´ տղամարդկանց, թե´ կանանց մոտ, և թյուր է այն կարծիքը, թե հիմնականում կանայք են մեղավոր անպտղության դեպքում: