ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյան դատական վեճը հին պատմություն ունի` այն սկսվել է 2008-ից, երբ նախկին վարչապետը մի հարցազրույցում Կենտրոնական բանկի նախագահին մեղադրանքներ էր ներկայացրել` բանկային համակարգում կամայական սեփականաշնորհում և այլ կոռուպցիոն գործողություններ կատարելու համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը` ներկայացնելով վերոնշյալ դատական վեճի մինչ օրս ձգվող հետևանքները:
«ԿԲ նախագահը դիմել էր դատարան` իր պատիվն ու բարի համբավը պաշտպանելու համար, և, բնականաբար, շահել էր դատը: Դատարանը բավարարել էր նրա պահանջի մոտ կեսը` 1.2 մլն դրամ գնահատելով Տիգրան Սարգսյանի «գործարար համբավը», և պարտավորեցրել էր Հրանտ Բագրատյանին ներողություն խնդրել ԿԲ նախագահից: Օրենքը ներողություն խնդրելու կարգ չի նախատեսում, դատարանն առնվազն կարող էր հայցվորի կողմից ներկայացված հերքման պահանջը բավարարել», – գրում է օրաթերթը` նշելով, որ Հրանտ Բագրատյանը որոշել է ոչ մի պարագայում ներողություն չխնդրել:
Արդեն 4 անգամ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) դիմել է դատարան Բագրատյանին տուգանելու պահանջով վճիռը չկատարելու համար:
Յուրաքանչյուր անգամ տուգանքը կազմել է 400 հազար դրամ: Երեք տարում մոտ 4 միլիոնի տույժ ու տուգանք վճարած Հրանտ Բագրատյանը պատրաստ է դարձյալ տուգանվել, բայց չի ցանկանում իր անունից չորս տողանոց ներողություն խնդրող տեքստ տպագրել:
Օրաթերթը նշում է, որ իրավական ակտերն արգելում են մարդուն մի քանի անգամ պատժել նույն արարքի համար` հավելելով, որ այժմ ԴԱՀԿ-ն պատրաստվում է հինգերրորդ անգամ դիմել դատարան Բագրատյանին տուգանելու պահանջով: