Հունիսի 25-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների հանդիպումը Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի հետ ավարտվել է Կոնգրեսի անդամներին ոստիկանության բաժին բերման ենթարկելով:
Հանդիպումը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտա – Պուշկինի փողոց խաչմերուկում, երբ երիտասարդները ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին ընդառաջ բաժանելիս են եղել Կոնգրեսի թերթերը:
Ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրեն կանչել է Արայիկ Պետրոսյանը և ասել է. «Բաժանում եք, բաժանեք, բայց նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտաք»:
«Մենք գոռացել ենք «Սերժիկ, հեռացիր»: Փորձեցինք հետաքրքրվել, թե «Սերժիկ, հեռացիր» արտահայտության մեջ ո՞ր պահն է վիրավորական», – պատմել է Սարգիս Գևորգյանը՝ նշելով, որ այդ պահին Վահագն Գևորգյանը սկսել է խոսել Ռոբերտ Մելքոնյանի հետ և վերջինս Արայիկ Պետրոսյանին հրամայել է նրանցից երկուսին տանել բաժին:
Սարգիս Գևորգյանի խոսքով՝ սկզբում ոստիկանները պահանջել են, որ բաժին գնան ինքն ու Վահագն Գևորգյանը, սակայն քիչ անց Սարգիս Խաչատրյանին և Դավիթ Քիրամիջյանին նույնպես ուղեկցել են ոստիկանական մեքենա և բոլորին բերման են ենթարկել:
«Երբ մեքենայի մեջ հետաքրքրվեցինք, թե ուր են մեզ տանում, ասացին, որ Կենտրոնի ոստիկանապետը (Սարգիս Մարտիրոսյան – Epress.am) ուզում է մեր հետ խոսել: Մտանք ոստիկանապետի մոտ, նա իրեն ոչ պատշաճ ձևով պահեց: Փորձեց գոռգոռալ, մենք բոլորս նրան սթափության կոչ արեցինք: Փորձեցինք նրան վստահեցնել, որ ինքը առաջին անգամ է մեզ հետ առնչվում ու դեռ չգիտի, թե ոնց է պետք, չգիտի, որ խոսելուց միայն օրենքի տառով պետք է շարժվի: Մեծ վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկանապետի աշխատասենյակում, ինչից հետո ուղղակի սկսեցին մեզ ասել, որ ազատ եք, բայց ձեզ խնդրում ենք «Սերժիկ, հեռացիր» չգոռալ»,- պատմել է Սարգիս Գևորգյանը:
Վահագն Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ոստիկանությունում փորձում էին ներկայացնել, որ երիտասարդներին հրավիրել էին բաժին զրույցի, սակայն, ակտիվիստի խոսքով, իրենց բերման են ենթարկել:
«Նոր միլպետի հետ (Մարտիրոսյանը նշանակվել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնին մարտին – Epress.am) դեռ չէինք հասցրել շփվել, բնականաբար, ինչպես նախկին միլպետը, փորձում էր տղայական ինչ-որ բաներ ասել:
Նա ասում էր՝ «չգոռանք «Սերժիկ հեռացիր»: Մենք հրաժարվեցինք, ասացինք, որ շարունակելու ենք վանկարկել մեր նույն ոճով: Իսկ Ռոբերտ Մելքոնյանը հենց միլպետի սենյակում մեզ սպառնաց՝ ասելով, որ համապատասխան քայլեր կձեռնարկի: Մենք նշեցինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ կձեռնարկի ինքը ու մինչև հիմա ցույց ենք տվել, որ պատրաստ ենք դրան ու մեզ ոչ մի ձևով նա չի վախեցնի: Նշեցինք, որ հրապարակային ասում ենք՝ «Սերժիկ, հեռացիր»», – նշել է Վահագն Գևորգյանը:
Ոստիկանությունում երիտասարդները մնացել են մոտ 30 րոպե, իսկ դուրս գալուց անմիջապես հետո շարունակել են բաժանել Հայ Ազգային Կոնգրեսի թերթերը: