Երևանում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը, կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Նման պահանջ է դրվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում.
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը:
Մայրաքաղաքի փողոցներին և մայթերին հարակից տարածքներում աղբահանությունը պատշաճ իրականացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններին ավելի քան 1900 աղբարկղեր են հատկացվել:
Երևանի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները և տալ ֆինանսական գնահատական:
«Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն, և այդ ուղղությամբ պետք է ունենալ հստակ կիրառական ծրագիր»,- նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել այգիների և պուրակների կանաչ տարածքների խնամքին, ուժեղացնել վերահսկողությունը հատկապես վարձակալությամբ տրված տարածքների ուղղությամբ:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում, «Երևան Ջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում և գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ և բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը:
Խորհրդակցության ընթացքում, որպես բնակչությանը հուզող խնդիր, վարչական շրջանների ղեկավարների կողմից բարձրացվել է հատկապես ամռան ամիսներին ջրամատակարարման գրաֆիկների խախտման հետ կապված հարցը:
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել հարցը` ընդգծելով, որ ընկերությունը պետք է բաժանորդների համար ապահովի որակյալ ծառայություն` պահպանելով ջրամատակարարման սահմանված ժամային գրաֆիկները: