Տեղեկատվական վեճերի նորաստեղծ խորհուրդը փորձագիտական եզրակացություն է հրապարակել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի և «Երկիր» օրաթերթի գործի կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, պատգամավորը օրաթերթին դատի էր տվել «131 դեմք ու դիմակ» վերնագրով հոդվածի համար` համարելով, որ դրանում կան իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:
Դատարանը Արզաքանցյանի դիմումը բավարարել է մասամբ` նրա պահանջած 3 միլիոնի դիմաց թերթին պարտավորեցնելով 200 հազար դրամի փոխհատուցում:
Խորհուրդը ուսումնասիրել է հոդվածը, այն անցկացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պրիզմայով, գնահատել ընդհանուր համատեքստը և հանրային նշանակությունը, ներկայացրել հոդվածի շարադրման ոճն ու երանգավորումը:
Հոդվածն ընդհանուր առմամբ շարադրված է հումորային ոճով և երանգավորմամբ, ինչն արտահայտվելու ազատության իրավունքի լրացուցիչ պաշտպանություն է ենթադրում, քանի որ այս ոճն ինքնին ենթադրում է որոշակի չափազանցություն: Հոդվածը պարունակում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Արզաքանցյանի վերաբերյալ հետևյալ արտահայտությունները, որոնք վերջինս վիճարկել է նաև դատարանում.
«Այս պատգամավորը առաջին անգամ խորհրդարան մտավ որպես ստիլյագ»:
«Բրենդային իր հագուստների, կոշիկների մասին խոսում էր բոլորի հետ և շարունակ գլուխ էր գովում, թե ինչպես է ինքնաթիռներով գեղեցկուհիներ բերում ու տանում այս կամ այն երկիր»:
«Հայտնի է նաև որպես «կազինոների» մշտական հաճախորդ»:
«Շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի»:
«Ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է և չի հաճախում ԱԺ նիստերին»:
«Անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում»:
«Տիգրան Արզաքանցյանը իր խոսքում շարունակ մեջբերումներ է անում մոր խոսքերից»:
«Հայտնի է, որպես ռուս երգչուհիների համար ինքնաթիռ վարձող և այստեղ-այնտեղ, այդ թվում` Հայաստան տանող-բերող գործարար»:
«Խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով»:
«Վերոնշյալ արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից: Դրանք հիմնված են բավարար փաստական հիմքերի վրա, այն է` պատգամավոր Տ. Արզաքանցյանի սեփական հայտարարությունների, հարցազրույցների, այլ լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հոդվածների ու տեղեկատվության, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության հիման վրա»,- նշված է ՏՎԽ հաղորդագրության մեջ:
Հիշատակվում է նաև, որ հոդվածը մեջբերել է Հրանտ Բագրատյանի խոսքը. Հրանտ Բագրատյանը, երբ «Պեռնո Ռիկարում» էր աշխատում, մի առիթով ասել է. «էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»:
Այդ ամենն ուսումնասիրելով, գնահատելով, դիտարկելով օրենսդրական և իրավական ասպեկտներով` ՏՎԽ-ն եզրակացրել է, որ միջամտությունը պատասխանող կողմ հանդիսացող լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը, հրապարակումների մեջ տեղ գտած գնահատողական դատողությունների, փաստերի շարադրանքի մասով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, իսկ Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու մասով (որը պարունակում է «լակոտ» վիրավորական արտահայտությունը)` միջամտությունը պետք է խիստ համաչափ լինի հայցվորի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասին` հաշվի առնելով գործի հանգամանքները, լրատվամիջոցի գույքային դրությունը, ինչպես նաև փոխհատուցման չափը գնահատելիս ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայում մշակված այլ սկզբունքները:
Խորհուրդը գտնում է, որ սույն գործով հայցվորի կողմից պահանջվող 3,000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցման պահանջը վիրավորանքի և զրպարտության դիմաց չի բխում միջամտության համաչափության և անհրաժեշտության սկզբունքներից:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից սահմանված 200.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի դրամական փոխհատուցմանը, ապա սույն գործի հանգամանքների ներքո նշված փոխհատուցումն անհամաչափ է, և դատարանը կարող էր բավարարվել լրատվամիջոցին՝ ներողություն հրապարակելուն պարտադրելով Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու մասով (որը պարունակում է “լակոտ” վիրավորական արտահայտությունը): Հետևաբար, վճռով իրավունքի խախտման փաստի արձանագրումը ինքնին արդարացի փոխհատուցման բավարար միջոց է: Իսկ ինչ վերաբերվում է դատական ծախսերի հիմքով սահմանված փոխհատուցման չափին, ապա սույն գործի հանգամանքների ներքո դա կարելի է համարել ողջամիտ: