Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում դուրս եկավ «Կրասնոդարի» հիմնական կազմում և խաղադաշտում 80 րոպե անցկացրեց:
Մովսիսյանի թիմը սեփական հարկի տակ մրցում էր Ռուսաստանի առաջնության առաջատարներից մեկի` «Անժիի» հետ, որտեղ հանդես է գալիս համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսը:
«Կրասնոդարն» առավելություն ուներ ողջ հանդիպման ընթացքում: Չափազանց ակտիվ էր Մովսիսյանը, ով առջևի գծում լուրջ ճնշման էր ենթարկում մրցակցի պաշտպաններին և առաջին խաղակեսում հիանալի գոլային հնարավորություն կորցրեց: Մեն-մենակ դուրս գալով դարպասապահի առջև` նա շրջանցեց վերջինիս, բայց հայտնվեց սուր անկյան տակ և չկարողացավ գրավել դարպասը:
Չնայած մեծ առավելությանը, առաջին կեսում միակ գնդակը խփեցին հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Իվանովը:
Երկրորդ խաղակեսում «Կրասնոդարի» ֆուտբոլիստները շարունակեցին ճնշումը և Մարսիոյի ու Միխեևի ջանքերով երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Սակայն 79-րդ րոպեին «Անժիին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Ռոբերտո Կառլոսի իրացրած անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի արդյունավետ հարված կատարեց Բենուա Անգբվան:
Մովսիսյանը փոխարինվեց անմիջապես «Անժիի» խփած գնդակից հետո:
Ոչ-ոքիից հետո «Կրասնոդարը» հավաքել է 21 միավոր և հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում: