ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը արձագանքել է հունիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքին, երբ շտապօգնության մեքենա կանչած հիվանդատերը դաժան ծեծի միջոցով սպանել էր շտապօգնության բժշկին:
«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին: Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին: Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և որպես առողջապահության նախարար իմ խորին վիշտը և խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երևույթի նկատմամբ»,- ասված է Քուշկյանի հայտարարության մեջ:
Նախարարը hավատացնում է, որ հետևողական կլինի, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
«Խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին: Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա: Իմ և ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի երեկոյան Գյումրիի ոստիկանության բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946 թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:
Ոստիկանությունը պարզել է, որ ժամանած բժիշկը վերոնշյալ հասցեով ժամանելուն պես Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել` կարծելով, թե վերջինս ուշացել է, չնայած բժիշկները տեղ են հասել կանչից 5-6 րոպե հետո:
Բժիշկը, այնուամենայնիվ, օգնությունը է ցուցաբերել 1983 թ. ծնված Արտակ Կարապետյանի հորը` Արամայիս Կարապետյանին:
Բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Արտակ Կարապետյանը կրկին ծեծի է ենթարկել բժշկին, որի հետևանքով վերջինս մահացել է: