Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով զբաղեցնում է ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիա տնօրենների խորհրդի` Ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահի աթոռը, վերընտրվել է նույն պաշտոնում:
Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, բացի Քոչարյանից, խորհրդի կազմում կրկին ընդգրկվել են ԱՖԿ-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա»-ի նախկին երեք նախագահներ Լեոնիդ Մալմեդը, Ալեքսանդր Գոնչարուկը և Եվգենի Նովիցկին, ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոն Զոմերը և մի շարք այլ պաշտոնյաներ:
ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից է, որին պատկանում են ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:
Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս: