«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում տեղեկություններ է հաղորդում, որ շաբաթ օրը` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին են հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակի հարվածներ ստացած` Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առևտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը:
Օրաթերթը նշում է, որ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների համաձայն, հունիսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում վիրավորը Ավանի 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով հաց ուտելուց է եղել: Նույն վայրում է եղել նաև 27-ամյա Բորիս Ասատրյանը, ով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է:
Ղալեչյանի և Ասատրյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանք դուրս են եկել օբյեկտից և «ռազբորկան» շարունակել են նույն փողոցում «Քեռու մոտ» սննդի օբյեկտի դիմաց: Այդ վայրում Ասատրյանը դանակի երեք հարված է հասցրել Ղալեչյանին: Վեճի ժամանակ Ղալեչյանի մոտ եղել է խոշոր գումար և ոսկյա զարդեր, որոնք Ասատրյանը ձեռք չի տվել:
Հունիսի 27-ին Ավանի ոստիկանության բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Ասատրյանին, ով Երևան-Մոսկվա տոմս էր գնել և պատրաստվում էր մեկնել Հայաստանից:
«Առավոտի» վկայությամբ, Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ վրդդովմունքով է խոսել իր բարեկամի վարքի մասին: