ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն «Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ` պատրաստելու բանակցությունների շարունակությունը»: Այդ մասին ասված է հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ինչպես նշված է [Կազանում ընդունված] հայտարարությունում, Կազանի հանդիպումը հստակեցրեց կամ հաստատեց փոխըմբռնման մի շարք կետեր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները ներկա հիմքի վրա` միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքների հետագա ընդունման նպատակով», – նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` վստահեցնելով, որ այս «արդյունքը անկարևոր չէ», Ֆրանսիայի արտգործնախարարությունը ընդգծում է, որ «Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահ գործընկերների` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, ջանքեր չի խնայելու` կողմերին օգնելու շարունակել բանակցությունները»: