Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանի տրամադրության տակ եղած հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրը «ոչնչով չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա»:
«Առկա ռազմական փոխդասավորվածության վրա այդ համալիրը ոչնչով չի ազդելու և Ադրբեջանին որևէ ռազմավարական առավելություն չի տալիս», – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Տոնոյանը` շարունակելով. «Ինչ վերաբերում է, օրինակ, Ադրբեջանի կողմից հավանական ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա այդ դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունները վարել նաև սեփական տարածքում, որոնց ժամանակ С-300 համալիրը դժվար թե էական աջակցություն ցուցաբերի»:
Նշված համալիրը ցուցադրվել է անցած կիրակի` Ադրբեջանի զինված ուժերի օրը, Բաքվում կայացած զորահանդեսում:
Անցյալ տարվա ամռանը «Վեդոմոստի»-ն և «Նեզավասիմայա գազետա»-ն, հղում կատարելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերության ոլորտում և պաշտպանության նախարարությունում իրենց աղբյուրներին, գրեցին, թե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է С-300 «Ֆավորիտ» տեսակի երկու համալիր` 300 միլիոն դոլարով:
Չնայած ռուսաստանյան զենք-զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող պետական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունը հերքեց С-300-ների վաճառքի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջի առկա համաձայնությունը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հայտարարեց, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300-ների վաճառքը գտնվում է ընթացքի մեջ:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքը ձեռնտու կոմերցիոն գործարք է: Այդ հարցը անտեղի քաղաքականացվում է և, առաջին հերթին` Ադրբեջանի կողմից», – նշել է Տոնոյանը` պարզաբանելով. «Բուն ռազմական տեսանկյունից այդ համալիրը չի սպառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը այն պարզ պատճառով, որ դա հակաօդային պաշտպանության համալիր է եւ կրում է պաշտպանական բնույթ: Իսկ ո’չ Հայաստանի Հանրապետությունը եւ ո’չ էլ Լեռնային Ղարաբաղը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ»:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը սկսել է ձեռք բերել պաշտպանական բնույթի սպառազինություն. «Միևնույն ժամանակ, տվյալ համալիրի ձեռքբերումը և այդ հարցի շուրջ քաղաքական շահարկումները վկայում են, որ մեր հարևանը հարձակողական տեսակների սպառազինությունից անցում է կատարել պաշտպանողական սպառազինության տեսակներ ձեռք բերելուն, ինչը նույնպես խորհելու տեղիք է տալիս: Հայաստանը նույնպես ունի նման համալիրներ, որոնք լիովին համապատասխանեցված են մեր պայմաններին և այսօր մարտական հերթապահություն են իրականացնում: Ի տարբերություն Ադրբեջանի, մեր համալիրները ծածկում են հավանական ռազմական գործողությունների ողջ օդային տարածքը եւ իրենց քանակական եւ որակական տվյալներով շատ ավելի մեծ կարողություններ ունեն: Ուստի C-300 համալիրների առկայության փաստը պետք է անհանգստացնի ռազմական գործողությունների սպառնալիքի դիրքերից հանդես եկող Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:
Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերմանը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Հայաստանը ուղղակի հետևողականորեն զարգացնում է իր զինված ուժերը, համապատասխանեցնում ժամանակակից պահանջներին, մեր պետության առջև ծառացած ռազմական անվտանգության խնդիրների արդյունավետ լուծմանը: Ուստի մենք առաջնորդվում ենք ոչ թե հակառակորդի կոնկրետ քայլերին հակաքայլերի սկզբունքով, այլ ցուցաբերում ենք առավել համակարգային եւ խորքային մոտեցում: Հայաստանում ավարտվել է Պաշտպանության ռազմավարության վերանայման գործընթացը, որի հիման վրա իրականացվում է ՀՀ Զինված ուժերի զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է խելացի պաշտպանություն եւ ժամանակակից պատերազմ վարելու կարողություն»: