Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստում ավարտվել են Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՀԱԿ-ի պատասխանի վերաբերյալ քննարկումները:
«Մենք արդեն տեղեկացրել էինք հանրությանը, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են գնում, թե ինչպիսին պիտի լինի մեր պատասխանը երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Բացի քաղխորհրդի նիստերից, մենք ունեցանք նաև Կենտորանական շտաբի երկու արտահերթ նիստ, ինչպես նաև քննարկեցինք խնդիրը մեր տարծքային կառույցների ղեկավարների հետ»,- քաղխորհրդի նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա փոխանցմամբ` այսօրվա նիստում ձևավորվել է կոնսենսուս, և վաղը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում կհնչի Հայ Ազգային Կոնգրեսի պատասխանը Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ինչպես նաև ժողովրդի հետ միասին կորոշվեն հետագա անելիքները», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` «ամեն տեղից մենք ունենք ազդանշաններ, որ ժողովրդի տրամադրությունները ռադիկալանում են և ժողովուրդը սպասում է վճռական գործողությունների»:
Զուրաբյանն ասել է, որ հունիսի 30-ի հանրահավաքին ընդառաջ ինտենսիվ աշխատում են Կոնգրեսի բոլոր տարածքային կառույցները:
«Եվ թռուցիկներ են կպցնում, և թերթ են բաժանում, և ավտոիրազեկումներ են անում, և հեռախոսազանգեր: Նաև օգտագործում ենք ինտերնետի սոցիալական ցանցերը` իրազեկման համար»,- նշել է ՀԱԿ համակարգողը: