Նոխօրեին` հունիսի 28-ին, Վոլգոգրադի շրջանի «Մարինովկա» ռազմական օդանավակայանում իրարանցում է սկսվել: Հայկական ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը թռիչքի էր նախապատրաստվում, սակայն, չհասցնելով բարձրություն հավաքել, շտապ վայրէջք է կատարել:
«Հայաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76-ը օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 15:10-ին: Սակայն թռիչքից հետո շասսին չփակվեց: Անձնակազմի ղեկավարը որոշում էր կայացրել կրկին վայրէջք կատարել միևնույն օդանավակայանում»,- օդանավակայանի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում kp.ru-ն:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել 12 րոպե անց: Վթարային վայրէջքն իրականացվել է առանց բարդացումների:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հաղորդել է, որ թերությունները վերացվել են և որ ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Հայաստան: