Հուլիսի մեկին` ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի երիտասարդական մետրոկայանի հարևանությամբ ստորագրահավաք է կազմակերպվելու:
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի նպատակն է ստանալ Երևանի երթուղայինների չվացուցակները:
«Դիմում եմ գրել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենին, որպեսզի ստանանք բոլոր երթուղայինների չվացուցակները և սկսենք վերահսկել նրանց աշխատանքը: Որքան շատ մարդ ստորագրի, այնքան ազդեցիկ կլինի դիմումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ստորագրահավաքի նախաձեռնող Արման Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Ղարիբյանն ասել էր, որ իրենք շատ մտահոգված են Երևանի տրանսպորտի վիճակով.
«Մենք` տրանսպորտի վիճակով մտահոգվածներս, վաղուց էինք մտածում որևէ բան անելու մասին: Հնարավոր չէ ապրել Հայաստանում և չդժգոհել տրանսպորտից` բացառությամբ մետրոյի, որը, ցավոք, ոչ բոլոր համայնքներն է սպասարկում:
Երթուղային տաքսիները շատ վատ են աշխատում, չեն հետևում տենդերում նշված իրենց պարտականություններին, ճիշտ պարբերականությամբ չեն մոտենում կանգառներին, այլ դիտավորյալ ուշանում են, որպեսզի մեկ մեքենայում հնարավորինս շատ մարդ տեղավորեն և շատ գումար վաստակեն»,- ասել էր նա:
Նշենք, որ «Արժանապատիվ տրանսպորտ» անվամբ խումբն ունի արդեն մոտ 500 անդամ: