Համացանցի օգտատերերը ակտիվորեն քննարկում են Google-թարգմանչի զավեշտալի սխալը, որը «ավելի ցածր» բառը բելառուսերենից ռուսերեն է թարգմանել որպես «Լուկաշենկոն ոչ ադեկվատ է»:
Google-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ դա սովորական սխալ է, քանի որ «մեխանիկական թարգմանություն է կատարվում, և երբեմն սխալներ էլ են լինում: Սխալները տարբեր բնույթի են: Այստեղ ուրիշ ոչ մի բան լինել չի կարող, քանի որ դա պարզապես մեքենա է»,- բացատրել են ընկերությունում:
Google-ի ներկայացուցիչները հավելել են, որ սխալի մասին տեղեկություններն անպայման կուղարկվեն ծառայության աշխատակիցներին, որոնք կվերացնեն սխալը:
Նշենք, որ առցանց թարգմանիչը իր սեփական մոտեցումն է ցուցաբերում նաև անգլերենից հայերեն թարգմանություններին: Օրինակ, երբ արհեստական ուղեղին առաջարկում եք թարգմանել leader բառը, այն տալիս է «առաջնորդ» ճիշտ տարբերակը: Սակայն բավական է ավելացնել մեկ կետ (leader.), Google-ի թարմանիչը հիշում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանին` նրան շնորհելով նախագահի կոչումը: Այսպիսով, leader.-ը թարգմանվում է որպես «նախագահ Գագիկ Ծառուկյան»:
Բայց սա դեռ ամենը չէ: Նշված բառին ավելացնելով եկրորդ կետը (leader..)` ստանում ենք պարզապես «նախագահ» նշանակությունը: