Առաջիկայում կորոշվի Հայաստանի մասնակցության հարցը Եվրատեսիլ-2012-ին, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Մինչ այդ Epress.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում` պարզելու, թե ինչպիսին է մարդկանց վերաբերմունքը Հայաստանի մասնակցության հարցում:
«Եթե անկեղծ ասեմ, առանձնապես չեմ հետաքրքրվում Եվրատեսիլով, ու, ըստ իս, հիմարություն է մտածել` մասնակցել թե ոչ: Դե հիմա մրցույթ ա, թող մասնակցեն էլի, ինչ տարբերություն Ադրբեջանում ա, թե որտեղ: Ուրիշ բան, եթե խնդիրներ պիտի լինեն ազգային անվտանգության հետ կապված, իսկ դա արդեն պետական մակարդակով պետք է մտածեն», – ասել է Երևանի պետական համալսարանի Լրագրության ֆակուլտետի ուսանող Նարեն:
«Որպես պոտենցիալ մասնակից ոչ ոքի ինքս չեմ տեսնում: Ինձ համար մեկ ա»,- հավելել է նա:
Հայաստանի Ագրարային ակադեմիայի երկու ուսանողուհիներ կտրականապես դեմ են Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլին, քանի որ «իրանք էդքան չկան, որ Հայաստանը գնա իրանց հողի մեջ երգի»: Իսկ եթե Հայաստանը ամեն դեպքում որոշի մասնակցել, ըստ ներկայանալ չցանկացող աղջիկների, «վատ չի լինի, որ Ռազմիկ Ամյանը մասնակցի»:
ԵՊՀ մշակութաբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողուհիներ ևս կողմ են, որ Հայաստանը Բաքվում ներկայացնի Ռազմիկ Ամյանը, քանի որ «ինքը շատ լավն ա, հզոր ձայն ունի, Եվրատեսիլի ստանդարտներին համապատասխանում ա»:
«Բայց ինչի՞ չպիտի մասնակցի, կարևորը նորմալ մարդ լինի, իսկ Ռազմիկ Ամյանը որպես երգիչ լավն ա»,- կարծիք է հայտնել Լութոն` Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից:
«Անպայման պիտի մասնակցենք ու հաստատ հաղթելու ենք», – վստահ է Հայրապետյան Քրիստինան` Երևանի պետական բժշկական համալսարանից: Նա ևս հակված էր Ռազմիկ Ամյանի թեկնածությանը:
Իսկ Ագրարային ակադեմիայի մի խումբ ուսանողներ Բաքվում կուզենային տեսնել Մհերին:
«Կարծում եմ` որևէ խոչընդոտ չպիտի լինի մեր մասնակցության համար, հակառակը` պետք է գնանք և հայերենով ազգային ռիթմերով լավ երգ ներկայացնենք: Համոզված եմ, որ Ադրբեջանում մասնակցելու դեպքում հայկական սփյուռքն ավելի ակտիվ կքվեարկի, ու ինչ-որ հաջող հորիզոնական կզբաղեցնենք: Ես կուզեի` «Դորիանս» խումբը գնար կամ Մհերը: Ռազմիկ Ամյանի մասնակցության հանդեպ անտարբեր եմ, ուրիշ վատ բան չասեմ, էլի»,- ասել է հասարակական ակտիվիստ Արման Ղարիբյանը: