ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Ուկրաինայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցություններից հետո կողմերն ստորագրել ենք փաստաթղթեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ուկրաինայի ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև կառավարական կապի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության համագործակցության ծրագիր», «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի» հինգերորդ նիստի արձանագրությունը:
Երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր գոհունակությունն է արտահայտել բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Տեղի ունեցավ որոշակի, դրական և նպատակաուղղված զրույց, որի ընթացքում մենք քննարկեցինք ամենատարբեր հարցեր, խոսեցինք այն մասին, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն անցյալ տարի Կիևում և Յալթայում կայացած հանդիպումներից հետո: Խոսեցինք միջազգային իրավիճակի, Հարավային Կովկասում այսօր գոյություն ունեցող հանգուցային խնդիրների, անվտանգության և կայունության հարցերի մասին: Դա հատկապես արդիական է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջիկա նախագահության լույսի ներքո: Հուսով ենք, որ Ուկրաինայի նախագահությունը կարևոր ներդրում կունենա Կազմակերպության սկզբունքների և արժեքների առաջխաղացման գործում, ինչին մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենալայն և գործնական աջակցություն», – ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սրագսյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Վիկտոր Յանուկովիչի հետ զրուցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
«Հայաստանի դիրքորոշումը մեզ համար առանցքային, զգայուն այդ հարցի նկատմամբ անփոփոխ է և համահունչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը: Մասնավորապես՝ հարցը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում՝ ընդունված 2009թ. հուլիսին Լ’Աքվիլայում, 2010թ. հունիսին Մուսկոկայում և 2011թ. մայիսին Դովիլում: Մենք նշեցինք այն առանցքային դերը, որ ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և համաձայնվեցինք, որ նրանց մոտեցումները պետք է հիմք հանդիսանան այդ հարցի վերաբերյալ ցանկացած հայտարարության համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրողը: Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, պետք է լիարժեքորեն իրագործվի. Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: