Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ: Քաղաքապետի թեկնածուները երկուսն էին. մեկը գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Մուրադյանն էր, մյուսը` անկուսակցական Քաջո Գրիգորյանը:
Նշենք, որ ընտրությունների արդյունքները մինչ հուլիսի 4-ը, ժամը 16:00-ն դեռևս չէին հրապարակվել ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
Արտաշատում տեղակայված է 11 ընտրատեղամաս, իսկ ընտրողների թիվը մոտավորապես 23 000 է:
Այս թիվը դժգոհության առիթ է դարձել թեկնածուներից Քաջո Գրիգորյանի համար, ով Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այդ մարդկանց մի մասը Արտաշատում հաստատապես չի բնակվում: Գրիգորյանի խոսքով` ՏԻՄ ընտրություններին բնակիչները ավելի պասիվ են մասնակցում, քան համապետական ընտրություններին:
«Առավել ևս Արտաշատում են պասիվ, քանի որ Արտաշատի գրեթե 25-30 տոկոսը սեփականացված է: Ես նկատի ունեմ մարդկանց` իրենց ընտանիքներով: Սեփականատիրոջը բոլորն էլ ճանաչում են: Մարդիկ իրենց ընտանիքներով իրա համար ծառայում են, ծառայություն են մատուցում: Ընդ որում, մեկը` վախի մթնոլորտով, մեկը` շահով, տարբեր պատճառներ գոյություն ունեն: Բոլորն էլ գիտեն, թե ով ա էստեղի պապան: Շնորհակալ եմ էդ մարդուն: Ինչո՞ւ, որովհետև այդ մարդու միջոցով մենք կարողանում ենք տարբերել արդարը և անարդարը, գող-ավազակը, խուժանը ու խելոքը, հանգիստ մարդը»,- ասել է Գրիգորյանը:
Քաղաքապետի թեկնածուն անդրադարձել է նաև խախտումներին, որոնք, նրա խոսքով, սկսվել են դեռ շաբաթ օրվանից: Նա նշել է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) հետ իրենք համաձայնեցրել են, որ, հաշվի առնելով շոգ եղանակը և ելնելով մարդկային սկզբունքներից, հանձնաժողովների աշխատանքն ավարտել երեկոյան ժամը ութին, մինչդեռ համաձայն օրենքի այդ աշխատանքները պետք է ավարտեն կեսգիշերին: Ու թեև Գրիգորյանը համաձայնվել է, սակայն, կասկածներ ունենալով, նա իր վստահված անձանց հետ ցանկություն է հայտնում մասնակցել այդ աշխատանքներին և շրջելով տեղամասերում, հայտնաբերում է, որ ժամը 15.00-ից արդեն որոշ տեղամասեր կողպված են: Մի տեղամասում էլ, երբ թեկնածուն ցանկացել է ծանոթանալ արձանագրություններին, հանձնաժողովի նախագահն ասել է, որ ինքը վաղուց ավարտել է իր աշխատանքը, և չի կարող ոչ մի արձանագրության հետ ծանոթացնել թեկնածուին:
«Ես ահազանգել եմ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, արձանագրություն եմ կազմել, տանում եմ, որ ներկայացնեմ ԸԸՀ-ը: 16.23-ին ԸԸՀ-ի դուռը կողպած, փակ, ոչ մի անդամ չկա, գոյություն չունի, էդպես էլ ես չկարողացա բողոքս ներկայացնել իրենց», – նշել է Գրիգորյանը:
Նրա խոսքով` ընտրությունների օրը խախտումները սկսվել են հենց առավոտվանից:
Ճնշումներ են գործադրել բոլոր վստահված անձանց վրա, մասնավորապես, սկսել են սպառնալ նրանց` ասելով, որ իրենց ծնողներին աշխատանքից կազատեն:
Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ 15-20 հոգանոց մի խումբ գործող քաղաքապետի որդու հետ շրջում են տարբեր տեղամասերով և ընտրում են յուրաքանչյուր տեղամասում:
Գրիգորյանը ներկայացրել է նաև մեկ ուշագրավ միջադեպ ևս. երբ նա ցանկացել է մտնել տեղամաս քվեարկության, նրան փորձել են դուրս հանել և միայն մեծ քաշքշուկից հետո քաղաքապետի թեկնածուն վերջապես կարողացել է կատարել իր քաղաքացիական պարտքը:
Ավելի ուշ Քաջո Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացառությամբ երկու տեղամասի, մնացած բոլոր տեղամասերում 7-8 անգամ լցոնում են իրականացրել: Իր վստահված անձինք ձայների հաշվարկից հետո հրաժարվել են արդյունքների տակ ստորագրել: