ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:
Սերժ Սարգսյանի խոսքով` ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և քաղաքական բնագավառներում։
Ըստ ՀՀ նախագահի` զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:
«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՄԱԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ համագործակցությանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն և ի համաձայնություն են ընդունում զբոսաշրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: