Հայաստանը և Լեհաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում ստանձնել են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բոլոնիայի գործընթացի օրակարգի շրջանակում նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցից առաջինը` «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, մեկնարկել է Ծաղկաձորում: Ամառային դպրոցին մասնակցում են ավելի քան 15 երկրի շուրջ 100 ուսանող- ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամառային դպրոցի մասնակիցներին տեղեկացրել է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում կկազմակերպվեն 4 միջոցառումներ, որոնք պաշտոնապես գրանցված են Բոլոնիայի քարտուղարության կայքում և համարվում են համաեվրոպական պաշտոնական կրթական միջոցառումներ:
«Դա նաև քաղաքական հնարավորություն է` այս միջոցառումների շնորհիվ օտարներին ծանոթացնելու Հայաստանին, նրա պատմությանը»,- ասել էԱշոտյանը:
Ըստ նախարարի` Բոլոնիայի գործընթացին ներգրավվելը նպաստել է, որ Հայաստանի կրթության համակարգն ինտեգրվի եվրոպական բարձրագույն կրթական տարածք:
«Իհարկե, չթաքցնենք, որ սա նաև քաղաքական ուղղություն է, որովհետեւ Բոլոնիայի գործընթացը եվրոպական ինտեգրման հարթակներից, ձևերից, ուղղություններից մեկն է»,- ասել է Աշոտյանը:
«Ընդհանուր կրթական տարածքին միանալու շնորհիվ հայկական դիպլոմները ավելի լայն ճանաչում են ստանում եվրոպական երկրներում, իսկ հայկական կրթական վկայականները, 12-ամյա կրթությանը անցնելու շնորհիվ, համադրելի են եվրոպական կրթական ստանդարտներին, և վերջիվերջո, այս բարեփոխումների շնորհիվ Հայաստանը ոչ թե խոսքերով, այլ ռեալ դարձավ Միացյալ Եվրոպայի մաս»,- նշել է նախարարը: