Հայաստանում ցեմենտի գները չեն փոփոխվել, դրանք փոխվել են Ռուսաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միկա-ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:
«Մեզ մոտ ցեմենտի գինը առաջանում է գազի, էլեկտրաէներգիայի, աշխատակիցների աշխատավարձերի հանրագումարի արդյունքում: Գազի գները մեզ մոտ չեն աճել, բայց և չեն նվազել: Այլ երկրներում գները ուռճացված էին: Մեզ մոտ գները ուռճացված չեն, ուստի, երբ իրենց մոտ 1 տոննան 300 դոլար էր, մենք կարողանում էինք արտահանել: Այժմ երբ նրանք գները իջեցրել են 150-ի, ԱՊՀ-ում շատ գործարաններ փակվել են: Խոշոր, առավել ժամանակակից գործարանները կարող են առավել ցածր գներով ցեմենտ մատակարարել: Մեր գործարանը հին է»,- ասել է Բաղդասարովը:
Նրա խոսքով` չափից շատ գազ, մասնավորապես, օգտագործվում է 185 մետրանոց վառարանի պայմաններում: Ըստ Բաղդասարովի` նորմալ վառարանները 60-70 մետր են, այդ իսկ պատճառով իրենց գործարանի 185 մետրանոցը տաքացնելու համար չափից շատ գազ է օգտագործվում: «Գինը թանկ է, բայց մեզ մոտ այն սկզբունքայնորեն չի փոխվում և շահույթն էլ նվազագույնն է»:
Գործարանում աշխատանքներ են տարվում դրա արդիականացման ուղղությամբ, որի արդյունքում ցեմենտի գները կարող են էականորեն նվազել: Մոդեռնիզացիան, Բաղդասարովի խոսքով, 4 մլն դոլար կարժենա: