Ռուսական «Իզվեստիյա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մալյուտինը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն նամակ է հղել, որով ափսոսանք է հայտնել պարբերականի լրագրող Յուրի Սնեգիրյովին Ադրբեջանում պերսոնա նոն-գրատա հայտարարելու կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հուլիսի 1-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել էր, որ լրագրողի մուտքը Բաքու արգելվել է Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստած նյութի պատճառով: Պաշտոնական Բաքվի դժգոհությունն էր առաջացրել այն փաստը, որ Սնեգիրյովի հոդվածում «ադրբեջանական Խանքենդին նշվում է որպես Ստեփանակերտ, իսկ Շուշան` որխես Շուշի»:
Բացի այդ, ըստ Պոլուխովի, հոդվածը միակողմանի է լուսաբանում հարցը և արտացոլում է Ղարաբաղի հայերի տեսակետը:
«Իզվեստիյա» թերթի խմբագիրը Lenta.ru-ին բացատրել է, որ Սնեգիրյովը մտադիր էր այցելել Բաքու` նյութը տարբեր կողմերից լուսաբանելու նպատակով: Նամակում Մալյուտինը բացատրել է, որ հենց Ադրբեջան մուտք գործելու արգելքը նյութը միակողմանի է դարձնում:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին հայկական ծագման պատճառով Ադրբեջանից արտաքսվել էր Bloomberg գործակալության լրագրող Դիանա Մարկոսյանը, ով Հայաստանում երբեք չի եղել: Իսկ ավելի վաղ` մայիսին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով իր «սև ցուցակի» մեջ էր մտցրել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին: