Home / Հայաստան / «Ոսկե ծիրան»-ի հյուր աշխարհահռչակ դերասանուհին հհանդիպի հայ հանդիսատեսի հետ

«Ոսկե ծիրան»-ի հյուր աշխարհահռչակ դերասանուհին հհանդիպի հայ հանդիսատեսի հետ

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի հյուր աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում կունենա հայ հանդիսատեսի հետ, իսկ հուլիսի 11-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի` արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու ֆիլմերը` «Մոխիր և արյուն»  և կարճամետրաժ «Բացակա երազներ», հայտնում են կազմակերպիչները:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը»` «Ոսկե արմավենու ճյուղ»; Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»` «Գրան պրի»; Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»` «Լավագույն դերասանուհի» Քիրսթեն Դանսթ: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» և Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը:

Հանդիսատեսին կներայացվեն Բերտրան Տավերնյենի (Կաննի ՄԿՓ-ում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած «Կիրակին` քաղաքից դուրս»,  երկուական «Սեզարի» և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների արժանացած «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ», Բեռլինի կինոփառատոնում 3 մրցանակի արժանացած «Ամեն ինչ սկսվում է այսօր», Կաննի ՄԿՓ-ում ներկայացված «Իշխանուհի դը Մոնպանսյե»), Բելա Տարի (Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Թուրինյան ձին», «Նզովք», «Լոնդոնցի մարդը»,), Վոյչեխ Մարչևսկու (Բեռլինի ՄԿՓ-ում «Ոսկե արջ»-ի արժանացած «Վեյսեր», Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Երկյուղներ», Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին արժանացած «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից») և Ռոման Բալայանի («Մենավոր գայլը (Բիրյուկ)», ԽՍՀՄ պետական մրցանակակիր «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», Ստամբուլի ՄԿՓ-ում «Ոսկե կակաչի» արժանացած  «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մատնիչը», «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում», «Կանխակալ լինենք մեր ընկերների հանդեպ») ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները: