ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին խնդրում են միջամտել Գանձասարի վանական համալիրի պարսպապատերի երեսապատման աշխատանքներին:
Facebook սոցիալական ցանցում օգտատերեր Օլյա Ազատյանը, Գայանե Ղազարյանը, Արեգ Բալայանը և Վազգեն Ղազարյանը ստորագրահավաք են նախաձեռնել, որից հետո հավաքված ստորագրություններով նամակը պետք է ուղարկեն Բակո Սահակյանին.
«Մամուլից տեղեկացել ենք որ, Արցախում գտնվող Գանձասարի վանական համալիրը պարփակող պարսպապատերը երեսապատվում են: Եվ սա այն դեպքում, երբ առկա են ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային ժառանգության պահպանության լիազոր մարմինների՝ այդ աշխատանքներն արգելող բացասական կարծիքները: Չնայած բազմաթիվ մասնագետների մտահոգություններին, ցավոք, մեզ հասած տեղեկություններով, երեսապատման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ավելին, հովանավորի կողմից եղել են պարսպի կառուցման սխալ (1980) թվականի, դրանով իսկ հուշարձանի պատմական արժեքը զրոյացնող և հուշարձանի հետագա ճակատագիրը դրա պատմական արժեք չլինելուց ելնելով տնօրինելու վերաբերյալ ապակողմնորոշող հայտարարություններ։
Մենք՝ տարբեր մասնագիտություններ ներկայացնող քաղաքացիներս, հայտնում ենք մեր մտահոգությունը գործընթացի կապակցությամբ և պահանջում անմիջապես դադարեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Գանձասարի վանքի տարածքում։ Միայն մասնագետների ճնշող մեծամասնության մասնակցության և խնդրի բազմակողմանի քննման արդյունքում կարելի է մշակել գործողությունների հետագա ծրագիրը, որը պետք է բխի միայն և միայն հուշարձանի կերպարի և պատմամշակութային միջավայրի պահպանության շահերից»։