ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե Ղարաբաղի խնդիրն այսօր այնքան է լրջանում, որ գուցե անհրաժեշտություն ստեղծվի, որ Դաշնակցությունը բարձրացնի ԼՂ անկախությունը ճանաչելու հարցը:
«Թվում էր, թե Կազանում պրավալ էր եղել, բայց պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ, զարգացումներ են առաջանում»,- հայտարարել է Մարգարյանը:
«ՀԺ» հարցին`արդյոք ԼՂՀ արտաքին գործերի ՀՅԴ-ական նախարար Գեորգի Պետրոսյանի հրաժարականի պատճառն այն էր, որ ՀՅԴ-ն խուսափում է ԼՂ հարցով պատասխանատվությունից, Հրանտ Մարգարյանը բացասական պատասխան է տվել:
Նա նշել է, որ կուսակցության հուլիսի սկզբին կայացած Ընդհանուր Ժողովից հետո իր`ԼՂՀ մեկնելու պատճառներից մեկն էլ Պետրոսյանի հարցն է եղել: «Նախագահի [ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի] հետ ունեցա հանդիպում, քննարկեցինք իրավիճակը և Գեորգի Պետրոսյանի հրաժարականի հարցը…Մենք ունենք լուրջ մտահոգություններ ԼՂ հարցի վերաբերյալ, այդ մտահոգությունը ունեն նաև ԼՂ իշխանությունները, որոնց շուրջ եղել է մեր խոսակցությունը…»,- ասել է Հրանտ Մարգարյանը: