Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը news.am-ի խնդրանքով մեկնաբանել է ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսության ուղղությամբ հետագա քայլերը:
«Եթե հիշում եք, իր` հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ», – ասել է Արզումանյանը։
Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, և առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ «առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները պետք է վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում»:
«Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: