Երևան քաղաքի Տերյան փողոցի 11-13 հասցեում գտնվող Աֆրիկյանների (19-20-րդ դ.) բնակելի տունը ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Այն ենթակա է տեղափոխման քանի որ 2008 թվականին այդ տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Տարածքի ձեռք բերող է ճանաչվել «Դվին Հոլդինգ» ընկերությունը, որը 2010թ. փոխարինվել է «Միլենիում Կոնստրակշեն» ՍՊԸ-ով:
Այս մասին հայտնում է «Փրկենք հուշարձանները» նախաձեռնությանը` հղում կատարելով «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանը:
Պարզվել է, որ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն 2006թ. դիմել էր Մշակույթի նախարարություն` հուշարձանի ապամոնտաժման, պահեստավորման և պահպանման հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը տեղեկացրել է ընկերությանը պահանջների մասին և տրամադրել է անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները: Սակայն ընկերությունը այդպես էլ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր հուշարձանի տեղափոխման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար:
«Համաձայն ՀՀ կառավարության որոշման ձեռք բերողը մինչև հուշարձանի տեղափոխելը պարտավոր է կազմակերպել հուշարձանի ուսումնասիրման, չափագրման, քարերի համարակալման ինչպես նաև այլ աշխատանքներ, սակայն այս պահին կատարվում են ապամոնտաժման աշխատանքներ առանց վերոհիշյալ աշխատանքների իրականացման:
Նախարարությունը չի տվել եզրակացություն հուշարձանի տեղափոխման վերաբերյալ և ձեռք բերողը չունի տեղափոխման թույլտվություն»- ասված է հայտարարության մեջ: