ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին և գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Երևան են ժամանել Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Սարգսյանը բարձր է գնահատել Էգմոնտ խմբի աշխատանքն ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ վերոնշյալ երևույթները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը մաղթել է նիստին արդյունավետ աշխատանք:
Լիագումար նիստին մասնակցում է անդամ երկրներից հարյուր երկու երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների շուրջ երկու հարյուր իննսուն ներկայացուցիչ: