ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի նշանակման հարցը։
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում կատարելով ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքին, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ, սենատոր Ջին Շահեյնի գլխավորությամբ կայանալիք քննարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնը պատասխանելու է ԱՄՆ-ի սենատորների հարցերին։
Ջոն Հեֆերնը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալն է, որից առաջ զբաղեցրել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանության բարձր պաշտոններ: Հեֆերն աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, իսկ 1994-1996 թվականներին` աշխատել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆները զբաղեցրել է Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը: Հեֆներն ավարտել է Միչիգան նահանգի համալսարանը:
ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հարցը քննարկելուց առաջ Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել քննարկման վերաբերյալ հայտարարությամբ։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Արամ Համբարյանը հորդորել է ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամներին ներկա գտնվել Հանձնաժողովի նիստին՝ «դիվանագիտական այս կարևոր պաշտոնում դեսպանի թեկնածու Հեֆերնին իր որակավորումների և թեկնածության վերաբերյալ հարցեր ներկայացնելու նպատակով»։
«Հուսով ենք, որ սենատորները լիարժեք կօգտագործեն այս լսումների միջոցով տրամադրվող հնարավորությունը՝ պահանջելու պարզաբանումներ նախագահ Օբամայի վարչակազմի կողմից Կովկասի տարածաշրջանում իրականացվող արտաքին քաղաքականության մի շարք հարցերի վերաբերյալ» – ասել է Համբարյանը։
«Այդ հարցերի թվում, անշուշտ, ընդգրկված են Հայոց ցեղասպանության ազնիվ և արդար լուծման խնդիրը, ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազատ և արդար կարգավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ծավալներն ավելացնելու նպատակ հետապնդող նպատակային ծրագրերի և երկկողմ պայմանագրերի միջոցով», – շեշտել է Արամ Համբարյանը։