Home / Հայաստան / Բերդ քաղաքի կարևորագույն պետական կառույցները տեղափոխում են Իջևան

Բերդ քաղաքի կարևորագույն պետական կառույցները տեղափոխում են Իջևան

Տավուշի մարզի Բերդ քաղաքի մի խումբ առևտրականներ ու բնակիչներ այսօր զանգահարել են Epress.am-ի խմբագրություն և տեղեկացրել, որ իրենց քաղաքում գործող հարկայինի կառույցը տեղափոխել են Իջևան, ինչն  առաջացրել է  նրանց դժգոհությունն ու անհանգստությունը:

Առևտրականներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Բերդից դեպի Իջևան տանող ճանապարհները վթարային և սողանքի վտանգ ունեցող ճանապարհներ են, իսկ մարզային 60 կմ երկարությամբ ճանապարհով իրենցից երկու ժամ է  պահանջվելու, որպեսզի հարկայինի հետ կապված ամենափոքր հարցի համար Բերդից հասնեն Իջևան:
Նրանք նաև վստահեցրել են, որ իրենք տեղյակ են, որ Բերդում գործող կադաստրի կառույցը և հինվանդանոցը ևս տեղափոխելու են Իջևան: Համապատասխան մարմիններն առևտրականներին ասել են, որ  դա արվում է, որպեսզի  հաշվետվությունները այսուհետ ներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Առևտրով զբաղվողները, սակայն, թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին և չեն կարծում, որ Ադրբեջանին սահմանակից Չինարի գյուղում կարող է գործել հաշվետվություններ ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

Բերդի բնակիչների խոսքով` նրանք չեն հասկանում, թե որն է այս տեղափոխման իրական պատճառը: Նրանցից մեկն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ հիվանդանոցն էլ, որը ցանկանում են տեղափոխել, նորմալ չի գործել, և հիմնականում հիվանդներին ուղեգրերով ուղարկել են Իջևան կամ Երևան: